«Ես դեպրեսիա ունեմ», - հաճախ ենք կրկնում այս արտահայտությունը` առանց երկար մտածելու, թե ինչ է դա իրենից իրականում ներկայացնում: Նշենք, որ նախ և առաջ դեպրեսիան միայն ցածր, ընկճված տրամադրությունը չէ: Մարդուն հատուկ է ապրել այնպիսի բացասական հույզեր, ինչպիսիք են, օրինակ, տխրությունը, վիշտը, ընկճվածությունը և այլն: Սա բավականին նորմալ երևույթ է հոգեպես առողջ մարդու կյանքում: Որոշ ժամանակ անց տրամադրությունը նորից բարձրանում է և մարդ շարունակում է ապրել իր բնականոն կյանքով: Ի հակադրություն սրա` դեպրեսիան տրամադրության անկման այն ձևն է, որի ժամանակ տեղի է ունենում խզում հուզական վիճակի և իրականության միջև: Այն սովորաբար տևում է ոչ թե օրեր, այլ մի քանի ամիսներ, նույնիսկ` տարիներ: Դեպրեսիայի ժամանակ տրամադրության անկումից բացի, հիվանդի մոտ նկատվում են նաև հոռետեսություն, ակտիվության փոփոխություն, խուճապ, ուշադրության անկայունություն, մտածողության և շարժումների դանդաղում, հյուծվածություն, ինքնագնահատականի իջեցում: Կարող է նաև դիտվել ախորժակի բացակայություն կամ էլ շատակերություն, անքնություն կամ էլ մշտական քնկոտություն, մտքեր սպանության մասին (այդ թվում` ինքնասպանության), որոշումներ կայացնելու անընդունակություն, անիքնավստահություն, հետաքրքրության կորուստ շրջապատի նկատմամբ: Դեպրեսիվ վիճակում գտնվող մարդուն հատուկ է նաև մեղքի զգացումը: Եթե վերջինս սովորական բնույթ է կրում, ապա կարելի է խոսել դեպրեսիվ բնավորության ձևավորման մասին:
Մասնագետների կարծիքով դեպրեսիան կարող է առաջնակարգ տեղ զբաղեցնել ամենատարածված հիվանդությունների (սիրտ - անոթային և ինֆեկցիոն) շարքում: Դեպրեսիայի արտահայտումը բավականին տարբեր կարող է լինել` կախված հիվանդության ձևից: Թվարկենք այս խանգարման ամենաբնորոշ նախանշանները.
Դեպրեսիայի հուզական արտահայտումները.
տխրություն, տառապանք, կսկիծ, հուսահատություն
անհանգստություն, ներքին լարվածություն
նյարդայնություն
մեղքի զգացում, հաճախակի ինքնամեղադրանքներ
դժգոհություն սեփական անձից, անինքնավստահություն
նախկինում հաճելի գործունեությունից այժմ հաճույք ստանալու անկարողություն
շրջապատի հանդեպ հետաքրքրվածության կորուստ
որևէ զգացմունքներ ունենալու անկարողություն (խորը դեպրեսիաների դեպքում)
դեպրեսիան հաճախ ուղեկցվում է հարազատների և մտերիմների առողջության մտահոգությամբ և հասարակական վայրերում անկարող երևալու վախով:
Դեպրեսիայի ֆիզիոլոգիական դրսևորումները.
քնի խանգարումներ (անքնություն, քնկոտություն)
ախորժակի փոփոխություն (շատակերություն, ախորժակի բացակայություն)
մարսողական խանգարումներ (փորկապություն)
էներգիայի նվազում, գերհոգնածություն սովորական ֆիզիկական կամ իտելեկտուալ ծանրաբեռնվածության դեպքում
ցավեր, տարբեր տհաճ զգացողություններ մարմնում (սրտում, ստամոքսում, մկաններում):
Դեպրեսիայի արտահայտման վարքային փոփոխությունները.պասիվություն, նպատակաուղղված ակտիվության մեջ ներգրավվելու դժվարություններ
կոնտակտներից խուսափում (մենակ մնալու ձգտում, այլ մարդկանց հանդեպ հետաքրքրվածության նվազում)
ալկոհոլամոլություն և հոգեակտիվ միջոցների հետևանքով առաջացած ժամանակավոր թեթևության զգացում:

Комментариев нет:
Отправить комментарий